Հայաստանը Օմանի բնակիչների ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղություններից է. Times of Oman

Armenpress 11:56, 15 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուսուլմանական Այդ ալ-Ֆիտր տոնին ընդառաջ Հայաստանը դարձել է Օմանի բնակիչների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղություններից մեկը: Այս մասին են հայտնում Օմանի զբոսաշրջային գործակալություններն ու ավիաընկերությունների ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Times of Oman-ը:

Հայաստանի կողքին նախընտրելի ուղղություններից են համարվում նաև Վրաստանը, հնդկական Գոան ու Կոչին և Նեպալը:

Զբոսաշրջային գործակալությունները հայտնում են, որ Վրաստանն ու Հայաստանն Արևելյան Եվրոպայի երկրների շարքում ամենանախընտրելի տեղերում են՝ շնորհիվ դյուրացված վիզային ընթացակարգերի:

Times of Oman-ը հիշեցնում է, որ 2017 թվականի փետրվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ Հնդկաստանի քաղաքացիները, ովքեր բնակության իրավունք ունեն Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարում, Քուվեյթում և Օմանի Սուլթանությունում, կարող են հեշտությամբ ստանալ Հայաստանի մուտքի վիզա հենց ՀՀ սահմանին: «Դրանից հետո մենք ամրագրման շատ պատվերներ ենք ստանում»,- հայտնել է գործակալություններից մեկի ներկայացուցիչը:

Այդ ալ-Ֆիտրը իսլամական օրացույցի կարևոր օրերից է. այն խորհրդանշում է Ռամադան ամսվա ավարտը: Մուսուլմանների մոտ Ռամադան ամսվա ընթացքում տևող պահքի ավարտը մեծ տոնախմբությամբ է նշվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am