Փողային գործիքների փառատոնը Հայաստան կբերի օտարերկրացի երաժիշտների

Armenpress 16:51, 12 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի ջանքերով կանցկացվի հունիսի 25-30-ը Կամերային երաժշտության տանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնին մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից:

Անդրանիկ փառատոնի շրջանակում կլինեն մի շարք պրեմիերաներ: Հաջորդ տարի փառատոնը կհյուրընկալի հանրահայտ շեփորահար Արթուրո Սանդովալին, ով կկատարի Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը»:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը և դիրիժոր Կարեն Դուրգարյանն է: Այն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ: Փառատոնի իրականացմանն աջակցում են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am