Ռուս ռազմական փորձագետը նմանություն է տեսնում 1915 եւ 2016 թթ. ապրիլին թուրքերի եւ ադրբեջանցիների վայրագությունների միջեւ

Armenpress 10:29, 12 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանն ուղղված ամբողջական, արդյունավետ բանակցությունները չի պատկերացնում առանց Ստեփանակերտի մասնակցության: Փորձագետն առանձնացրեց երեք արդիական հարց, որոնք ըստ նրա՝ ընկած են խնդրի հնարավոր լուծման հիմքում: «Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ, ԵԱՀԿ առաքելության ընդլայնում, ինչպես նաեւ հետաքննական մեխանիզմների ներդրում: Դրանք իրատեսական են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փորձագետը: Նա նշեց, որ լուրջ բանակցությունների վերսկսման որեւէ հեռանկար չի տեսնում, քանի որ Ադրբեջանը չունի մոտիվացիա:

Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ իրենց վերջին հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունեցին այն, ինչ կատարվել էր, սակայն դա բավարար չէ, քանի որ փորձագետը կոչերից ու հորդորներից զատ ցանկանում է տեսնել իրական գործողություններ:

«Ես նրանց փոխարեն կպահանջեի Ադրբեջանից կատարել ստանձնած պարտավորությունները: Ինչո՞ւ դա չարեցին՝ ես չգիտեմ. ցավոք սա երկակի ստանդարտների քաղաքականություն է, այսինքն՝ հայտարարություն կար, սակայն որին չհետեւեց ինչ-որ գործողություն: Կարծում եմ՝ ամեն դեպքում այս հայտարարությունը Ադրբեջանի համար զսպող գործոն չի կարող լինել: Միակ զսպող գործոնը Զինված ուժերն են: Միայն ուժով հնարավոր կլինի Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդ որում իրական, ոչ թե իմիտացիոն»,-ընդգծեց նա:

Ռուս փորձագետը փետրվարին Արցախում էր սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու նպատակով: Նա պատմեց, որ հանդիպել է թալիշցիներին, ովքեր ադրբեջանական ագրեսիայի պատճառով մնացել են առանց մշտական բնակատեղիի, սակայն միեւնույնն է, ցանկություն ունեն վերադառնալու հայրենի գյուղ:

«Նրանք այսպես են ապրում, քանի որ անընդմեջ կրակահերթի տակ են եղել, իսկ  ամենակարեւորը՝ նրանց տները դիպուկահարի նշանառության տակ են: Ինչ-որ մեկը պետք է սրա համար պատասխան տա»,-նշեց փորձագետը:

Վլադիմիր Եվսեևը նաեւ անդրադարձավ նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական Զինված ուժերի կողմից Թալիշի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ Պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումներին: Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը պետք է միանշանակ պատասխանատվության ենթարկվի: 

«Նրանց դեմ պետք է տրիբունալի առաջ կանգնելու հարց բարձրացվի, նրանք դրան արժանի են, քանի որ այդ վայրագությունները միջազգային իրավունքի խախտումներ են: Մյուս հանգամանքը, որն ինձ վրդովեցրել էր, ազգությամբ եզդի զինծառայողի գլխատումն էր, որից հետո այն նաեւ ցուցադրվեց: Ինձ մոտ մի միտք առաջացավ. հիշեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեսած մի նկար, որում սեղանին սպիտակ սփռոցի վրա երեք հայերի գլուխներ են դրված, իսկ հետին պլանում երկու թուրքեր են: Շատ նման երեւույթներ են: Այն ժամանակ դա հանցագործություն էր, իսկ հիմա առավելեւս դա հանցագործություն է: Իհարկե, ապրիլին հասկանալի չէր, թե ովքեր են սրանով զբաղվում, այսինքն՝ Ադրբեջա՞նն էր, թե նրանց օգնական ազգակից պետությունը՝ Թուրքիան:  Ամեն դեպքում ով էլ լինի, արժանի են տրիբունալի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես փորձագետը կմեկնաբանի Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունը այն դեպքում, երբ Ռուսաստանը անընդմեջ շեշտում է, որ Հայաստանն իրեն դաշնակից երկիր է, Վլադիմիր Եվսեևը պատասխանեց.

«Ռուսաստանի համար զենքի վաճառքը Ադրբեջանին ինչ-որ տնտեսական հարց չէ. Հայաստանում կարծում են, որ Ռուսաստանն այսպես գումար է աշխատում, ընդ որում՝ հայ զինծառայողների արյան հաշվին: Սա ընդհանրապես տեղին չէ, քանի որ Ռուսաստանը դա անում է, որպեսզի Ադրբեջանին իր ազդեցության տակ պահի: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում տարբեր հարցեր կան, որոնք Հայաստանի հետ կապ չունեն, օրինակ՝ հիմա ինչպես գիտեք, իրանա-ադրբեջանական երկաթուղիների միացման մասին է խոսք գնում: Հաջորդ տարի այս գործընթացը պետք է ավարտվի, Ադրբեջանը կլինի  տարանցիկ երկիր իրանական ապրանքը Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ փոխադրելու համար: Ռուսաստանը չի ցանկանում թշնամանալ Ադրբեջանի հետ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը հասկանում է, որ հարաբերությունների մակարդակը երկու երկրների հետ տարբեր է: Նրա համար Հայաստանը դաշնակից է, այստեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան: Ադրբեջանում ոչ մի ռազմական օբյեկտ չկա, առավել եւս ռազմաբազա: Մենք չենք համարվում դաշնակիցներ: Մենք կարող էինք նաեւ հրաժարվել զենքի մատակարարումից, սակայն հակառակ դեպքում ինչպես հնարավոր կլիներ պահպանել ազդեցության շրջանակը»,-եզրափակեց փորձագետը:

Սյուզի Մուրադյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am