Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խոսել է ծերերի և երեխաների նկատմամբ Ադրբեջանի բռնություններից

Armenpress 13:33, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մայիսի 25-ին տեղի ունեցավ քննարկում՝ «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց և առողջապահության պաշտպանությունը» խորագրով, որին ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Անվտանգության խորհրդի բաց քննարկումը նախագահեց Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, ելույթ ունեցան մոտ յոթանասուն անդամ երկրների ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով շեշտեց մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ հարգանքի ամրապնդման, ինչպես նաև մարդասիրական և բժշկական անձնակազմի պաշտպանության կարևորությունը:

Դեսպան Մնացականյանն իր ելույթում կարևորեց քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար և բուժաշխատողների պաշտպանության գործում միջազգային հումանիտար իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների անխտիր իրականացումը:

Շեշտելով հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման կարևորությունը, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ «ճգնաժամերը, ոճրագործությունները և ցեղասպանությունները հանկարծակի տեղի չեն ունենում, դրանք տեսանելի և կանխատեսելի են լինում»։ Դեսպանը հիշատակեց, որ Հայաստանը միացել է «Ապահով դպրոցների հռչակագրին», որի նպատակն է պաշտպանել կրթական հաստատությունները ռազմական հարձակումներից և կիրառումից։

Անդրադառնալով 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիային՝ դեսպան Մնացականյանը հիշատակեց քաղաքացիական բնակչության, ներառյալ ծերերի և երեխաների նկատմամբ կիրառված բռնությունները։ ՀՀ կողմից կրկին կոչ արվեց իրականացնել 2016թ. մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների պայմանավորվածությունները՝ բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով։

Ելույթի ավարտին դեսպան Մնացականյանը կրկին Հայաստանի երախտագիտությունը հայտնեց Միավորված ազգերի կազմակերպությանը, Անվտանգության խորհրդին և Գլխավոր քարտուղարին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ որպես խնդրի կարգավորման նպատակով գործող միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափի ջանքերին անվերապահ աջակցության համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am