Կաննի կինոշուկայում մեծ հետաքրքրություն է առաջացրել Փելեշյանի «Տարերքը» ֆիլմի սցենարը

Armenpress 16:03, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի Կաննի կինոշուկայում կինոարվեստի ներկայացուցիչների ուշադրությունը գրավել է հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Տարերքը» ֆիլմի սցենարը:

«Այս տարի մեր տաղավարը մեծ ոգևորություն է առաջացրել Կաննում: Մենք շեշտը դրել ենք Փելեշյանի «Տարերքը» ֆիլմի սցենարի վրա. ֆիլմը նկարահանելու համար գումար է անհրաժեշտ:  Պետությունը խոստացել է աջակցել ֆիլմի ստեղծմանը, իսկ Կաննում այդ կապակցությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը:

Նրա խոսքով` Հայաստանի պատվիրակությունը դեռ չի վերադարձել կինոշուկայից, սակայն հեռախոսային կապի միջոցով պարզ դարձավ, որ պատվիրակությունը  մի շարք առաջարկներ է ստացել, որոնց մասին դեռ կբարձրաձայնի:

Մեր երկիրը ներկայանում է Village International/Pantiero հատվածում` N226 տաղավարում` օտարներին ծանոթացնելով մեր կինոարտադրությանը: Ներկայացվում է նաև նոր օրենքը, որի համաձայն` Հայաստանում ֆիլմեր նկարահանող օտարերկրյա ներդրողներին կվերադարձվի 20 տոկոս հետվճար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am