«Բելավիա»-ն վերսկսել է թռիչքները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան

Armenpress 12:19, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական ավիափոխադրող «Բելավիա» ընկերությունը մայիսի 24-ից վերսկսել է ավիափոխադրումները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թռիչքներն իրականացվելու են ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում շաբաթական երկու անգամ՝ Մինսկից Երևան՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Մինսկ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքը տևելու է երեք ժամ և տասը րոպե:

Մինսկից Երևան թռիչքների տոմսի արժեքը կսկսվի 114 եվրոյից, իսկ Երևանից Մինսկ տոմսերի արժեքը՝ 152 եվրոյից: Հետադարձով թռիչքների տոմսերի արժեքը կսկսվի 226 եվրոյից՝ ներառյալ հարկերը:

 «Բելավիա»-ն Բելառուսի խոշորագույն ավիափոխադրող ընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում եվրոպական ու ասիական 27 երկրի 49 օդանավակայաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am