ՄԱԿ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատում ՀՀ կառավարության գործողությունները սիրիահայերին աջակցելու ուղղությամբ

Armenpress 18:28, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը Հայաստանի կառավարության գործողությունները սիրիահայերի աջակցության ուղղությամբ բարձր է գնահատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործատուների հանրապետական միության հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ  իր ելույթում Քրիստոֆ Բիրվիրթը հատկապես կարևորեց Կառավարության կողմից սիրիահայերին բնակարաններով ապահովելը և բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների ստեղծումը:

«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը ,որը շատ ըմբռնմամբ է ընդունել Սիրիայից եկած սիրիահայերին: Հայաստանը նրանց տվել է քաղաքացիություն, բնակարաններ, բիզնես ստեղծելու համար բարենպաստ պայմաններ: Սա շատ դրական է: Սիրիահայերի մեծամասնությունն ունի բարձրագույն  կրթություն , տիրապետում են արհեստների,նախկինում եղել են գործարարներ, ուստի նրանք կարող են մեծ օգուտ բերել Հայաստանին», -ասաց Բիրվիրթը:

Նրա խոսքով` սիրիահայերի ինտեգրման գործընթացում կան խնդիրներ, որոնք հիմնականում բխում են Սիրիայի և Հայաստանի բիզնես միջավայրի, հարկային համակարգի տարբերությունից:

Սփյուռքի նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ապրում է շուրջ 22 հազար սիրիահայ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am