Թուրքական ընդդիմադիր պարբերականի աշխատակիցների ձերբակալությունները շարունակվում են

Armenpress 11:33, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր «Սյոզջու» (Sözcü) պարբերականի դեմ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է թերթի ֆինանսական հարցերով տնօրեն Յոնջա Քալելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Դատախազությունը թերթի դեմ հետաքննություն է սկսել «գյուլենական խմբավորման անդամ չլինելով՝ դրա անունից հանցանք գործելու» մեղադրանքով: Գործի շրջանակում հրաման է տրվել ձերբակալել «Սյոզջու»-ի սեփականատիրոջը, ինտերնետային կայքի պատասխանատու տնօրենին, ֆինանսական հարցերով տնօրենին և մեկ լրագրողի: Քանի որ սեփականատերն արտերկրում է, ձերբակալվել են երեքը:

Պարբերականի դեմ հետաքննություն է սկսվել դրա կողմից հրապարակված երկու լուրի պատճառով: Դրանցից մեկը 2016 թվականի հուլիսի 15-ին հրապարակված «Սյոզջու»-ն գտել է Էրդողանին» լուրն է, որում կային տվյալներ Մարմարիսում այն հյուրանոցի հասցեի մասին, որտեղ հանգստանում էր նախագահը: Լուրը հրապարակվել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի նախօրեին՝ այն բանից հետո, ինչ Էրդողանը մի քանի օր չէր երևացել մամուլի ներկայացուցիչներին ու չէր մասնակցել որևէ միջոցառման:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am