Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

Armenpress 16:30, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 23-ին ստորագրել է հրամանագիր Հովհաննես Հովսեփյանին ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հովհաննես Աշոտի Հովսեփյանը ծնվել է 1973 թվականի հունվարի 28-ին Իջևան քաղաքում: 

Կրթություն

1990-1995թթ. - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։ 1996-1998թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։ 2002-2003թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։ 2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն

1996-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։ 2002-2006թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: 2003-2004թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ 2006թ. մարտ - 2007թ. փետրվար - «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։ 2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի խորհրդական։ 2007-2008թթ. - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ։ 23.05.2008-03.10.2016թթ. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։ 03.03.2016 -08.10.2016 թվականներին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: 

Պարգևներ և կոչումներ

2003թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 2013թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am