Թուրքմենստանի նախագահը հաղթել է Թուրքմեն ձիարշավորդի օրվան նվիրված ձիարշավում

Armenpress 17:17, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմեն ձիարշավորդի օրվան նվիրված ձիարշավում` որպես մրցանակ շահելով Toyota Land Cruiser Prado ավտոմեքենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

1.2 կմ տարածությամբ ձիավազքը տեղի է ունեցել նախագահական ձիարշավարանում: Նախագահից բացի, մրցմանը մասնակցել է ևս վեց ձիարշավորդ:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հասել է եզրագծին 1 րոպե 25 վայրկյանում: Հաղթանակից հետո նախագահը մեքենան հանձնել է գյուղատնտեսության հարցերով փոխվարչապետ Էսենմիրադ Օրազգելդիևին` ասելով. «Օրազգելդիև, ես պաշտոնապես այս մրցանակը հանձնում եմ մեր ձիաբուծարանի կարիքներին»:

Թուրքմեն ձիարշավորդի օրն ազգային տոն է, որն անց է կացվում ամեն տարի ապրիլի վերջին կիրակի օրը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am