Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը

Armenpress 18:38, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 28-ին Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով, որում հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Համատեղ նախագծումն ու միասնական արտադրությունը, մանավանդ ռազմարդյունաբերության ոլորտում, ստեղծում է նոր, հատուկ հարաբերություններ երկրների միջև՝ հնարավորություն տալով ձևավորել ինտենսիվ շփումներ հորիզոնական մակարդակում»,-նշել է Վիգեն Սարգսյանը։ 

Պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ առաջատար մասնագետների հետ անմիջական շփումը, հեռանկարային նախագծային լուծումների, նոր տեխնոլոգիաների և դրանց գործնական կիրառության շուրջ կարծիքների պարբերական փոխանակումը կծառայի ռազմական մտքի զարգացմանը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am