Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը

Armenpress 17:49, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) խորհրդի հերթական նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել է 2016 թ. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների մասին: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՏԶՀ 2016 թ. գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի գործադիր տնօրենը զեկուցել է նաև 2017 թ. համար ըստ համայնքների սոցիալական և տնտեսական զարգացման բաղադրիչների նախատեսվող ծրագրերի մասին:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին մանրամասն ուսումնասիրել ՀՏԶՀ 2017 թ. ծրագրերը՝ առաջնահերթ իրականացման համար հստակ հայտանիշներ և մեխանիզմներ սահմանելու նպատակով:

Նիստում քննարկվել են հիմնադրամի գործունեությանը վերաբերող կազմակերպչական մի շարք հարցեր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am