Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Armenpress 16:29, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Վիյենա (Villena) քաղաքը ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից, Վիյենայի քաղաքային խորհրդի կողմից ընդունած հայտարարությունում տեղի ունեցածը բնորոշվում է որպես Ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ:

Կարևորվում է նման, վաղեմության ժամկետ չունեցող, հանցագործությունների դատապարտումը՝ նմանատիպ նորերը բացառելու համատեքստում: Հարկ է նշել, որ քվեարկությանը նախորդել էին ճնշման փորձեր թուրքական կողմից, որի արդյունքում Ժողովրդական և սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները վերջին պահին փոխել էին իրենց դիրքորոշումները, ինչը սակայն որոշիչ չի եղել քվեարկության արդյունքների համար և Վիյենան համալրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական շուրջ երեք տասնյակ քաղաքների ցանկը:

Քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների քվեարկության արդյունքները հետևյալն են՝ Կանաչներ Եվրոպա (Los Verdes Europa)՝ կողմ, 11 ձայն: Ժողովրդական կուսակցություն (PP)՝ դեմ, 7 ձայն: Սոցիալիստական կուսակցություն(PSOE)՝ ձեռնպահ, 3 ձայն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am