ԵԽԽՎ-ի բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Պեդրո Ագրամունտին

Armenpress 13:59, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն անվստահություն է հայտնել վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, բյուրոն Ագրամունտին զրկել է ԵԽԽՎ պաշտոնապես ներկայացնելու կամ վեհաժողովի անունից պաշտոնապես հանդես գալու, հայտարարություններ անելու, պաշտոնական այցեր կատարելու իրավունքից:

«ԵԽԽՎ նախագահը որոշում է կայացրել չմասնակցել բյուրոյի նիստին և հրաժարական չի ներկայացրել: Քանի որ կանոնակարգը հնարավորություն չի տալիս նրան պաշտոնից զրկելու, բյուրոն  գտավ, որ անհրաժեշտ է դիմել նման քայլերի ու կայացնել այսպիսի որոշում»,- ԵԽԽՎ բյուրոյի նիստի ժամանակ ասել է Միացյալ Թագավորությունը ներկայացնող պատգամավոր, բյուրոյի նիստը նախագահող Ռոջեր Գեյլը, ով նաև ԵԽԽՎ առաջին փոխնախագահն է:

Նա հավելել է, որ ԵԽԽՎ-ի ստանդարտներն ու սկզբունքներն ավելի կարևոր են ցանկացած անհատ անդամից և վեհաժողովի ամբողջականությունն ու սկզբունքայնությունը պետք է պահպանվի:

Ապրիլի 27-ին ԵԽԽՎ նիստի ընթացքում, երբ ելույթ է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը, վեհաժողովի քաղաքական խմբերն արգելել են նախագահ Պեդրո Ագրամունտին նախագահել նիստը: Սպասվում էր, որ ապրիլի 28-ի նիստի ընթացքում Պեդրո Ագրամունտը հրաժարական կներկայացնի, սակայն դա տեղի չի ունեցել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am