ԼՂ խնդրի արագ ու խաղաղ կարգավորման միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է. Շարմազանով

Armenpress 21:18, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ և խաղաղ հանգուցալուծմանը հասնել հնարավոր չի դառնում միայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մեկ անգամ չէ, որ մենք նշել ենք, որ դրական ենք գնահատում Մինսկի խմբի ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց մեկ անգամ չէ, որ ասել ենք` խնդրի արագ և խաղաղ հանգուցալուծման համար կա մեկ խոչընդոտ, դա մեր հարևան Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նրա խոսքով` եթե դրանք կյանքի չեն կոչվում կամ մասամբ են կյանքի կոչվում, դրա միակ մեղավորն Ադրբեջանն է: «Հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել և հստակ է: Դրա մասին խոսել է թե´ Նախագահ Սերժ Սարգսյանը, թե´ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը»,- ընդգծեց նա: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am