Հայ պատգամավորը Ռումինիային կոչ է արել ճանաչել հայոց ցեղասպանությունը

Armenpress 18:14, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը խորհրդարանում հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ, որտեղ կոչ է արել Ռումինիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցած տեքստը։

«Ռումինիայի համար ճանաչելը նշանակում է նաև ընդունել այն հազարավոր հայերի երախտագիտության զգացումը, ովքեր փրկվեցին այն ժամանակ ռումինական պետության կողմից և դարձան այս երկրի հավատարիմ քաղաքացիներ:

Ապրում ենք պատմական մի դժվար ժամանակաշրջանում, երբ ամբողջ Եվրոպայում սկսում են անհանդուրժողականության և այլատյացության մութ ամպեր կուտակվել: Մի ժամանակաշրջանում, երբ նորից է խոսվում «մենք» և «նրանք» տերմիններով: Մի ժամանակաշրջանում, երբ, չնայած տեղեկատվության ազատ հոսքին, մարդիկ նորից սկսում են փակվել էթնիկ կամ կրոնական անկլավներում: Մի ժամանակաշրջանում, երբ այսքան տարիներ հետո, երբ բազմազանությունը Եվրոպայի ամենամեծ հարստություններից մեկն էր դարձել, զգացվում է սառեցում ազդարարող սառը քամի: Մի ժամանակաշրջանում, երբ դիկտատուրայի, այլատյացության և անկլավացման ախորժակ ունեցող որոշ քաղաքական առաջնորդների հաջողության հասնելու վտանգն ավելի մեծ է, քան երբևէ:

Նման բոլոր ողբերգական իրադարձությունների ճանաչման և հիշատակման կողքին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումն իրենից ներկայացնում է մի ամուր պատվար մարդկային դեգրադացիայի և պատմության վայրիվերումների ճանապարհին»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am