Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները

Armenpress 18:09, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տեղական արտադրության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ առավարության ղեկավարին են ներկայացվել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, հնարավորություններն ու ծավալները: Նշվել է, որ այժմ առարկայական կազմվում են այն ապրանքների խմբերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կազմակերպել այդ գործընթացը: Առաջարկվել է ձևավորել համապատասխան հարթակ, որտեղ ակտիվ շփումների միջոցով տեղական արտադրողը կկարողանա գտնել իր սպառողին, այդպիսով խթանելով արտադրությունը: 

Վարչապետը նշել է, որ հարցին պետք է ցուցաբերել լուրջ, հետևողական ուշադրություն և ավելացրել. «Անհրաժեշտ է խելացի տարբերակ մշակել, որպեսզի մրցակցությունը չխաթարվի, բայց մենք ներուժ, հեռանկար ունեցող ֆերմերին պետք է օգնենք զարգանալ, խրախուսենք արտահանման աճը»,- ասել է Կարեն Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am