Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան դասասենյակի բացմանը

Armenpress 17:37, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 25-ին մասնակցել է Երևանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, դպրոցն  ամեն տարի նշում է մշակույթի տոն և ձևավորված  ավանդույթի համաձայն՝  դասասենյակներից մեկը կոչում հայ ժողովրդի որևէ երախտավորի անունով՝  հայ կամ օտարերկրացի:

Այս տարի դպրոցում բացվել է  նորվեգացի բևեռախույզ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անվան աշխարհագրության դասասենյակը, որտեղ ցուցադրված են մեծ մարդասերի լուսանկարները, ճամփորդական գրառումներից հատվածները և ասույթները:

Գալուստ Սահակյանը նախասրահում ունկնդրել է դպրոցի երգչախմբի կատարումը, տնօրենի ուղեկցությամբ շրջել անվանակոչված դասասենյակներում, Պեյո Յավորովի թանգարանում, ապա մասնակցել Նանսենի անվան դասասենյակի բացմանը:

Այնուհետև ԱԺ նախագահը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են մեծ մարդասերի   կենսագրությունից և գործունեությունից հատվածներ, որոնք առնչվել են հայ ժողովրդի ճակատագրին, Հայ դատի արդարացի լուծմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am