Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է «Ինտուր Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսում

Armenpress 17:20, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 21-ից 23-ը կայացած «Ինտուր Էքսպո 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին  ներկայացված էր նաև Արցախի զբոսաշրջային արդյունքը:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ձեւավորված տաղավարում ներկայացված էին հանրապետությունում գործող 6 զբոսաշրջային ընկերություններ և որակավորում ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ:

Ցուցահանդեսի աշխատանքային 3 օրերի ընթացքում Արցախի պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացրել՝ տեղեկատվություն փոխանցելով շահագրգիռ զբոսաշրջային ընկերություններին և ցուցահանդեսի այցելուներին, ինչպես նաև ստեղծել մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորություններ:

Ըստ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի՝ Ինտուր Էքսպո զբոսաշրջային ցուցահանդեսը կարևոր հարթակ է հայկական զբոսաշրջային արդյունքը միասնաբար ներկայացնելու, ինչպես նաև նոր գործնական կապեր հաստատելու առումով:

Ցուցահանդեսին Արցախի Հանրապետությունը մասնակցում է երրորդ անգամ՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային արդյունքը հայկական զբոսաշրջային շուկայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am