Փաշինյանը խոստանում է Երևանի 2 վարչական շրջանների ղեկավար նշանակել քաղաքացիների առաջարկած թեկնածուներին

Armenpress 14:49, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը խոստանում է ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առնվազն երկու վարչական շրջանների ղեկավարի պաշտոնում նշանակել քաղաքացիների առաջարկած թեկնածուներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերով հայտնեց Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Սիրելի երևանցիներ, դուք գիտեք, որ Երևանի քաղաքապետը քաղաքը կառավարում է վարչական շրջանների ղեկավարների օգնությամբ, իսկ նրանց նշանակում է քաղաքապետը: Մեր թիմում կան Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, սակայն ես ցանկանում եմ, որ դուք էլ մասնակից լինեք այս գործընթացին: Այժմ ես գտնվում եմ Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի թաղապետարանի մոտ և առաջարկում եմ այս ուղիղ եթերի մեկնաբանություններում գրեք Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում ձեր թեկնածուներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Փաշինյանը:  

Նա հավելեց, որ առաջիկայում նման ուղիղ եթերներ ունենալու է Երևանի բոլոր վարչական շրջաններում և օգտատերերը մեկնաբանություններում կկարողանան բոլոր վարչական շրջաններում առաջարկել ղեկավարի իրենց թեկնածուներին: «Ես կարող եմ խոստանալ, որ այս գործընթացի ընթացքում առաջադրված լավագույն թեկնածուները, ովքեր կհամապատասխանեն որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների ընտրություններում մեր հաջողության դեպքում Երևանի քաղաքապետարանի համակարգում անպայման աշխատանք կստանան և հնարավորություն կունենան մասնակցելու մայրաքաղաքի զարգացմանը»,- ընդգծեց Երևանի քաղաքապետի թեկնածուն:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am