Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը

Armenpress 12:25, 22 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ Վալոն դե Մոնտեբելլո և Կամբոջայի փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում անվանակոչվել է Սողոմոն Թեհլերյանի անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անվանակոչման արարողության ներկա են գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

«Սա Մարսելի հայ համայնքի դերի կարևորության ճանաչումն է: Այս կերպ նաև ասում ենք բոլոր ժխտողականներին, Ալիևին ու Էրդողանին, որ հայ ժողովուրդը ոտքի են կանգնել այնպիսի քաղաքում, ինչպիսին Մարսելն է»,- նշել է Իվ Մորենը:

Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենն էլ ընդգծել է, որ իրենց ցանկությունն է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունի խորհրդարանի քվեարկության արդյունքները, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանության ժխտման համար:

 

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Նեմեսիս գործողությանը` առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը Թեհլերյանին մեղավոր չի ճանաչել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am