Հայաստանը բավարարված չէ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին միջազգային հանրության արձագանքով

Armenpress 13:29, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բավարարված չէ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին միջազգային հանրության արձագանքով: Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ապրիլի 20-ին հակառակորդի կողմից Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը գնդակոծելու միջադեպին: «Այս պահին սահմանային վիճակը հանգիստ է, լարվածություն չկա: Ցավոք, այդ դեպքերը պարբերական են, դրա պատասխանն էլ է պարբերական: Չեմ կարծում, որ դա լավ ճանապարհ է, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի համար հիմք պետք է լինի զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Նախարարը հավելեց, որ հրադադարի յուրաքանչյուր խախտում պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Մենք այս պահին բավարարված չենք խախտումներին նման արձագանքով, սակայն ասել, որ   վիճակը սահմանին լարված է եղել, սխալ կլինի, որովհետև ընդհանրապես վերջին մի քանի շաբաթում հարաբերական հանգիստ վիճակ է»,- եզրափակեց Սարգսյանը:

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի բեռնատար մեքենան: Գնդակոծությունից վնասվել է միայն մեքենայի օդի բարձիկը: Մեքենայի վարորդը չի տուժել: Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am