Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Ալեքսանդր Բաղիրյանը

Armenpress 17:47, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ապրիլի 19-ին սպանվել է քաղաքի հարավային մասում առևտրի կենտրոնի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Московский Комсомолец»-ը:

Բաղիրյանը մահացու վիրավորվել էր իր գրասենյակի մոտ՝ թիկնապահների և ականատեսների աչքի առաջ, որոնք չէին սպասում, որ գործարարի նախկին գործընկերը կարող է ատրճանակ պարզել նրա վրա ու կրակել: Ինչպես հայտնի է դարձել «МК»-ին, ժամը 21:00-ի մոտակայքում 61-ամյա Բաղիրյանն թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես կենտրոնից, որից հետո հնչել են կրակոցները: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն հինգ փամփուշտ:

Ըստ տեղեկությունների` նախկինում Բաղրիյանն ու գործընկերը համատեղ գործունեություն են վարել՝ նրանք Մոսկվայի մարզում ալկոհոլային արտադրանքի համար ապակե տարաների պատրաստման փոքր գործարան ունեին: Գործընկերոջ խոսքով՝ Բաղիրյանն իրեն մոտ 3 միլիոն դոլար է պարտք եղել:

Չորեքշաբթի օրը  տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, նախ խոսակցությունն ընթացել է խաղաղ, և պարտատերը խոստացել է վերադարձնել գումարը, բայց երբ տղամարդիկ դուրս են եկել գրասենյակից փողոց և շարժվել դեպի մեքենաները, նա, գործընկերոջ խոսքով, հրաժարվել է իր խոսքից և հայտարարել, որ գումարը չի վերադարձնի: Այդ ժամանակ էլ ձեռնարկատերը կրակ է բացել: Բաղիրյանը որովայնի հատվածում հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է: Սպանվածի թիկնապահը բռնել է կրակողին և հանձնել դեպքի վայր ժամանած իրավապահներին: Ինչպես հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունում, տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և զենքի անօրինական շրջանառության մասին հոդվածներով: Հաղորդվում է, որ վերջին տարիներին Բաղիրյանի բիզնես գործերը լավ չէին ընթանում, և նա հայտնվել էր պարտքերի մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am