«Ազատ դեմոկրատները» բարձր են գնահատում առաջիկա ընտրություններում իրենց հնարավորությունները

Armenpress 16:30, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացրել է կառավարության գործունեության ծրագիր, որտեղ  հստակ բյուջետային հաշվարկներ են արվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 29-ին լրագրողների հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

«Այդ ամենը իրագործվել է մեր կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանի կողմից: Բացի այդ, «Ազատ դեմոկրատները» հստակ նշել են, թե ինչպես վերացնել ստվերային տնտեսությունը: Դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքը կարող է բարելավվել 34 տոկոսով»,- ասաց Խաչատրյանը: Ըստ նրա` Եվրոպական միություն լիիրավ անդամակցության ծրագիրը ևս ամբողջովին հասցվել է ընտրողներին:

Խաչատրյանը նաև նշեց, որ տարածքային զարգացման հետ կապված իրենց ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվել համայնքների զարգացմանը:

«Համայնքների խոշորացման օրինագիծը անընդունելի ենք համարում և այդ հարցը պատրաստվում ենք բարձրաձայնել առաջիկայում»,- ընդգծեց Խաչատրյանը և հավելեց, որ առաջիկա ընտրություններում իրենց կուսակցության հնարավորությունները բարձր են գնահատում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am