Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ու մշակույթի նախարարը քննարկել են ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը

Armenpress 18:13, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում է մեծ համերգ, որում կհնչեն Ազնավուրի երգերը. հիմնականում՝ օպերային և էստրադային երգիչների զուգերգերով։ 

Այս մասին «Արմենպրես»-ի տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Եթե այս համերգը հաջողվի, նման միջոցառումներ կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի հայաստանյան գագաթնաժողովի օրերին՝ ծրագրում ընդգրկելով նաև Ֆրանսիայի, ֆրանկոֆոն երկրների օպերային ու էստրադային երգիչների կատարումները»,-մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ցանկություն-առաջարկն ուղղված էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին։ 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա՝ 2018թ. գագաթնաժողովը Հայաստանում նախապատրաստելու հարցերի շուրջ մարտի 28-ին զրուցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

 Դեսպանն իր կողմի աջակցությունն առաջարկեց, որպեսզի Լիոն քաղաքի Լույսի տոնի նմանությամբ այդ օրերին «լուսային շքերթով» հագեցվեն Հայաստանում պատմամշակութային մի շարք հնավայրեր, որտեղ հնագիտական պեղումներ են անցկացնում հայ-ֆրանսիական արշավախմբերը:

Առաջարկը ողջունելով` նախարարն ավելացրեց, որ լուսային այդ ձևավորումը կարող է գործածվել նաև «Էրեբունի-Երևան» հոբելյանական տոնակատարությունների ժամանակ։ 

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Հայաստանի մշակույթի նախարարության առաջարկած խոշոր միջոցառումներից են՝ ֆրանսերեն օպերայի պրեմիերա, Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հրատարակած ֆրանսերեն գրքերի տոնավաճառ-ցուցահանդես, Ֆրանկոֆոն երկրներից երգիչների համերգը:

Նախարարի մտահաղացմամբ` գագաթնաժողովի օրերին զբոսաշրջային թուրեր կկազմակերպվեն Հայաստանի այն մարզեր, որտեղ դեռևս 19-րդ դարում ֆրանսիական հետք է եղել (օրինակ` լեռնարդյունաբերությունում ներգրավված ֆրանսիական ընկերություններինն Ախթալայում, Մեղրաձորում...)։

Նախարար Ամիրյանը դեսպան Շարպանտիեին տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանը Կաննի կինոփառատոնին առավել ներկայանալի տաղավար է ունենալու՝ կինոարտադրության բնագավառում ավելի շատ գործընկերներ ձեռք բերելու հույսով, որոնց համար բարենպաստ պայմաններ են ստեղծվելու «Կինոյի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո։

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am