Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը «ֆեյք» է համարում լիտվացիների հրապարակած սոցհարցումների արդյունքները

Armenpress 14:49, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը «ֆեյք» է համարում մարտի 27-ին Երևանում հրապարակված սոցհարցումների արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գևորգ Պողոսյանը նշում է, թե բոլոր մասնագիտացված սոցիոլոգիական կենտրոնները գիտեն, որ արդյունքների ներկայացման մասնագիտական էթիկա գոյություն ունի. այն միջազգայնորեն ընդունված և ESOMAR-ի կողմից հաստատված ձև է: 

«Պարտադիր պետք է նշվի հարցումն անցկացնելու վայրը (քաղաք, գյուղ), ընտրանքի չափսը, կառուցվածքը, կիրառված սոցիոլոգիական մեթոդը (հեռախոսային հարցում, ինտերնետ-հարցում, F2F հարցում, այցելություն տներում և այլն): Վերջապես հայտնի չի, թե ով է նրանց հայաստանյան գործընկերը, ում հետ են անցկացրել հարցումն և ով է պատվիրատուն: Չեմ կարծում, որ այս անհայտ լիտվացիներն իրենց հաշվին ժամանել են Հայաստան ու իրենց հաշվին հարցում են անցկացրել: Մի խոսքով, զվարճալի խուլիգանություն էր: «Ստացված» արդյունքների քննարկումը պարզապես անիմաստ եմ համարում»,- ֆեյսբուքյան էջում նշել է սոցիոլոգը:

Մարտի 27-ին Երևանում ներկայացվել է KOG ( Institute for Marketing and Communication Sciences) և «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների վերլուծությունները: Հարցումները կատարվել են մարտի 8-17-ն ընկած ժամանակահատվածում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am