Թրամփի նախկին խորհրդականը հերքել է Գյուլենին արտահանձնելու թեմայով քննարկումների անցկացումը

Armenpress 13:17, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը չի քննարկել Անկարային չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ֆլինի պաշտոնական ներկայացուցիչ Պրայս Ֆլոյդը:

CNN հեռուստաընկերությանը տված հայտարարության մեջ նա հերքել է Կենտրոնական հետաքննական վարչության նախկին տնօրեն Ջեյմս Վուլսիի պնդումներն այն մասին, թե Նյու Յորքում նման խորհրդատվություններ են անցկացվել թուրքական պաշտոնական շրջանակների հետ: «Նման քննարկումներ չեն եղել»,- ընդգծել է Ֆլոյդը:

Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հրապարակել էր մի հոդված, որում Վուլսին նշել էր, թե 2016 թվականի սեպտեմբերի 19-ին ներկա է եղել Նյու Յորքում թուրք պաշտոնյաների հետ Ֆլինի հանդիպմանը: Նրա խոսքով` այդ հանդիպմանը քննարկվել է Գյուլենին Անկարա արտահանձնելու հնարավորությունները:

Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am