Հենրիխ Մխիթարյանը և Վարդան Բիչախչյանը ստացան լավագույնի իրենց պարգևները

Armenpress 11:45, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանձնեց տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի մրցանակները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչև օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները: Այժմ նրանք բոլորն էլ գտնվում են Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած պարգևատրման արարողության ընթացքում Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ անընդմեջ և 7-րդ անգամ ընդհանրապես ստացավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ»-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, իսկ երրորդ տեղում հունական «Քսանթի»-ի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին է: Ինչպես և հայտնի էր,  լավագույն մարզիչը Գյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն է: Նա ևս ստացավ իր մրցանակը:

Այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ուսումնամարզական հավաքով նախապատրաստվում է մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի դեմ հանդիպմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am