Քանի դեռ ինձ բռնապետ են ասում, ես էլ նրանց նացիստ եմ ասելու. Էրդողան

Armenpress 11:16, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Գերմանիան ու Նիդերլանդներն իրեն բռնապետ են անվանում, ինքը շարունակելու է նրանց նացիստ անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է CNN Turk-ին ու Kanal D-ին տված հարցազրույցում:

«Նրանք իրավունք ունեն Էրդողանին անվանել բռնապետ, իսկ Էրդողանը նրանց նացիստ կամ ֆաշիստ անվանելու իրավունք չունի՞: Քանի դեռ նրանք Էրդողանին բռնապետ են ասում, ես էլ նրանց նացիստ եմ ասելու»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո Գերմանիային ու Նիդերլանդներին անակնկալներ են սպասվում: «Քաղաքական ոլորտում վերանայումներ են լինելու: Չենք կարող ընդունել իրենց երկիր մեր արտաքին գործերի նախարարի մուտքը թույլ չտալու վերաբերմունքը»,- հայտարարել է Էրդողանը:  

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ հանրաքվեից հետո` մայիսին հանդիպելու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am