Երեւանում հեղինակավոր Cloudflare-ը տվյալների կենտրոն կգործարկի

Armenpress 15:55, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Cloudflare-ը Երեւանում տվյալների կենտրոն կգործարկի: Այն կլինի ընկերության 37-րդ տվյալների կենտրոնը Ասիայում եւ 103-րդը ամբողջ աշխարհում: «Յուքոմ»-ի հանրային կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնի շնորհիվ` 6 միլիոն կայք մոտ 6 անգամ ավելի արագ հասանելի կլինի Հայաստանի եւ հարակից երկրների օգտատերերի համար: «Սա մեծ ձեռքբերում է, որովհետեւ Երեւանում նման համակարգի տեղակայումը նշանակում է, որ մեր երկիրն այս տեսակի տեխնոլոգիաների հետ պատրաստ է տեխնիկապես աշխատելու` մասնագետների պատրաստվածության առումով»,-ասաց նա:

Ընկերությունը նախատեսում է տվյալների կենտրոններ գործարկել հինգ մայրցամաքներում: Հետաքրքիրն այն է, որ առաջին կենտրոնը կբացվի հենց Երեւանում, եւ ինչպես նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ. «Մենք սկսում ենք Երեւանից` Հայաստանի ամենամեծ քաղաքից` Հարավային Կովկասում տեղակայված երկրից»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am