Սեմ Սիմոնյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագիրը

Armenpress 14:25, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը կարևորել է բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը և ողջունել պարոն Սիմոնյանի նախաձեռնությունն այդ ոլորտում: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը՝ հավելելով, որ այն կնպաստի ոչ միայն կրթության որակի բարձրացմանը, այլ նաև միջավայրի փոփոխությանը, երիտասարդ սերնդի զարգացմանը:    

Սեմ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ ծրագրի իրականացմանը նպաստելու է նաև Եվրոպական միությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am