Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

Armenpress 16:26, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել է Լոռու մարզ, որտեղ անցած տարվանից ընթանում է Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը։

Նախագծի առաջին մասը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը, շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը տարբեր հատվածներում կանգառներ կատարեց, լսեց ճանապարհաշինարարների մտահոգություններն ու աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրները:Հիմնանորոգվող ճանապարհի սկզբնամասում, որտեղ աշխատանքներ է իրականացնում «Արարատ-ճանշին» ընկերությունը, շարունակվում են ժայռային բնահողերում պայթեցման, փխրեցման, ինչպես նաև փափուկ բնահողերում հանույթի և լիցքի հողային աշխատանքները:

Ներկայում ընթանում են առկա ենթակառուցվածքների տեղափոխման, հողային ծածկի քանդման, արհեստական կառուցվածքների տեղադրման և հենապատերի կառուցման աշխատանքները:

Ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ շինարարությունն ընթանում է ըստ նախագծով սահմանված ժամանակացույցի, և մինչև ամռան սկիզբը ենթակառուցվածքների վերամոնտաժման աշխատանքները կավարտվեն:

Նախարարին ներկայացվեց մի խնդրահարույց թեմա. հիմնանորոգվող ճանապարհահատվածի տակ ՀԷԿ-ի հին ու մաշված խողովակներն են, որոնց մասին նախագծման փուլում հայտնի չի եղել: Տեղում քննարկման արդյունքում, նաև մասնագետների խորհրդով, Վահան Մարտիրոսյանը հրահանգեց ապամոնտաժել դրանք` հետագա բարդություններից խուսափելու և հիմքի ամրությունը չխաթարելու համար:

«Ճանապարհ» ընկերության տնօրենը նախարարին ներկայացրեց շինարարության ընթացքում հաճախ հանդիպող ևս մեկ խնդիր` սեփականաշնորհված հողատարածքների իրացումը:

Նախարարը ծանոթացավ յուրաքանչյուր վիճահարույց դեպքի մանրամասներին, զրուցեց նաև սեփականատեր քաղաքացիների հետ:Վահան Մարտիրոսյանը նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավարին հանձնարարեց յուրաքանչյուր սեփականատիրոջ հետ քննարկել և փոխշահավետ լուծում գտնել:

Հիմնանորոգվող միջպետական ճանապարհին գտնվող 2 թունելները վերանորոգվում են, իսկ երրորդն ամբողջությամբ վերակառուցվում է: Աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ընկերությունը: Նախարարի` անցած տարվա նոյեմբերի այցից հետո թունելում շինարարությունը չի դադարել, կատարվել են բետոնապատման աշխատանքներ:

«Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանի խոսքով` ապահովվում է թունելի լայնության ու բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին:Ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են և նորից կառուցվեն, մյուս 9-ը՝ կվերանորոգվեն:

Եվրոպական ներդրումային բանկի կողմից նշանակված շինարարական աշխատանքները վերահսկող ներկայացուցիչները ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում հետևում են ծրագրի համապատասխանությանն ու անվտանգության նորմերի պահպանմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am