Սերժ Սարգսյանը պարգեւատրեց «Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի հաղթողներին

Armenpress 21:04, 17 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 17  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրեց «Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի հաղթողներին:

Մրցույթի հաղթողներն այս տարի երկուսն են` Նարեկ Ասլիկյանը եւ Գրիգորի Ենիկոլոպովը: Նարեկ Ասլիկյանի նախագիծը երիտասարդ մասնագետների համար ՏՏ եւ ծրագրավորման գործնական ուսուցման կենտրոնի հիմնումն է, իսկ Գրիգորի Ենիկոլոպովը եւս 4 նախաձեռնողների հետ նախատեսում է Լոռիում «Գիտության թանգարան» հիմնել, որը կխթանի մարզի տնտեսական ու զբոսաշրջային զարգացմանը` ստեղծելով նոր ու նորարարական ենթակառուցվածքներ:

Շնորհավորելով հաղթողներին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ժյուրին կարողացել է ընտրել լավագույններին: «Լավ հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել նվազագույն կորուստներով: Միեւնույն ժամանակ, ցանկանում եմ, որ բոլորս միասին հաստատենք՝ մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները պետք է ծառայեն Հայաստանի զարգացմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սերժ Սարգսյանը:

«Լույսի» «Ստարտ  Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհը խթանում է գործարար հնարամիտ գաղափարները եւ ձեռներեցության նորարարական մշակույթ սերմանում հայրենիքում:

«Ստարտ Արմենիա» մրցույթին կարող են մասնակցել միայն «Լույսի» այն ուսանողները եւ շրջանավարտները, ովքեր ծրագրում են գործարար կամ սոցիալական ձեռնարկ իրականացնել Հայաստանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am