Մենք թուրք ժողովրդի նկատմամբ ատելություն չունենք. Սերժ Սարգսյան

Armenpress 11:26, 15 Մարտ, 2017

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հանդես է գալիս նրա օգտին, որ աշխարհի բոլոր պետություններն ու կազմակերպությունները համագործակցեն Թուրքիայի հետ: Այդ դեպքում Թուրքիան միգուցե դառնա առավել կանխատեսելի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում` պատասխանելով ռուս-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների մասին ուսանողներից մեկի հարցին:

«Մենք թուրք ժողովրդի նկատմամբ ատելություն չունենք: Մենք թուրքական ղեկավարությանը մեղադրում ենք նրանում, որ նրանք ժխտում են Ցեղասպանությունը, իսկ Ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ այդ հանցագործության շարունակությունն է»,- նշեց Նախագահ Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, ինչի համար Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին:

«Ուստի, ռուս-թուրքական հարաբերությունները մեզ խիստ չեն անհանգստացնում: Այն, որ եղան մի շարք հոդվածներ, միգուցե հատուկ հոդվածներ, որ Հայաստանում մարդիկ սկսեցին ձեռքերով շարժումներ անել, երբ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը, թե իբր մենք ուրախացանք, սակայն իրականում դա այդպես չէ: Մեր ողջ պատմության ընթացքում խնդիրներ ենք ունեցել, երբ մեծ տերությունները բախվել են: Երկրորդ հերթին որևէ պատերազմ արդարացված չէ, որևէ բախում օգուտ չի բերում: Միակ արդարացված պատերազմն այն դեպքում է, երբ ստիպված ինքդ քեզ ես պաշտպանում, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի դեպքում. այնտեղ որևէ մեկը չէր ցանկանում պատերազմել, սակայն չէին ցանկանում նաև մահանալ: Կարծում եմ, որ որքան լավ լինեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, այնքան լավ մեզ համար»,- ամփոփեց ՀՀ Նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am