Ոստիկանությունը հաստատում է. Ջրառատում կիրառվել է ինքնաձիգ

Armenpress 17:03, 14 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին աշակերտների միջև վիճաբանությունը վերաճել է մեծահասակների միջև հաշիվներ մաքրելու և կիրառվել է ինքնաձիգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, վիճաբանող կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, որը միջադեպի մասնակիցները փորձել են վերցնել նրանից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում արձակվել է կրակոց: Երեք մարդ մարմնական վնասվածք է ստացել, մեկը՝ ոտքի հրազենային վնասվածք, մեկ մարդ՝ կտրող ծակող-գործիքով պատճառված վնասվածք, մեկ հոգի էլ ունի ձեռքի կոտրվածք: Երեք քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց: «Ոստիկանության ծառայողները կանխել են վիճաբանությունը, ինքնաձիգն առգրավված է: Կատարվում են համապատասխան միջոցառումները, իրավիճակը վերահսկվում է ոստիկանության ծառայողների կողմից: Կատարվում են համապատասխան միջոցառումներ»,-հայտնում են ոստիկանությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am