Սպասվող լրահոս. 09.03.2017

Armenpress 09:28, 9 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Անհրաժեշտություն է առաջացել կարգավորել օտարերկրյա պետությունում բուժվող` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակ վճարելու հարցը: Այդ կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարել մի շարք փոփոխություններ: Օրենքում նախատեսվող փոփոխությունները նախարարությունը կներկայացնի այսօր՝ մարտի 9-ին, կայանալիք կառավարության նիստում:

Բիշքեկում մարտի 7-ին տեղի ունեցավ Եվրասիական միջակառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Բելառուսի  վարչապետները: Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջի շրջանակում այսօր փորձագետները կանդրադառնան միջակառավարական խորհրդի նիստին ձեռքբերված պայմանավորվածություններին, բարձրացված հարցերին:

Երևանում կներկայացվի «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ը՝ նվիրված Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրներին: «Հայաստանի տնտեսական զեկույցը» վերլուծական տարեկան պարբերական է։ Զեկույցը մշակել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ:

Մարտի 10-ին պաշտոնապես կբացվի «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը: Օրվան ընդառաջ, հիմնադրամի ներկայացուցիչներն ու գործընկերները կհանդիպեն լրագրողների հետ՝ ներկայացնելու կառույցի ստեղծման նպատակն ու առաջիկա անելիքները: Ի դեպ, մարտի 23-ին «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը կներկայացնի «Տեսիլաժամեր» և «Տրիպտիխ» ժամանակակից բալետային ներկայացումները, որոնք արդեն հաջողություն են ունեցել արտասահմանում:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի նորաբաց ցուցասրահում մարտի 9-10-ը կանցկացվի ճապոնական իկեբանա ծաղկարվեստի վարպետության դաս: Կազմակերպիչներն են  Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը և «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն» ՀԿ-ը: Ներկա կլինեն Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ, բարձրաստիճան հյուրեր, Հայաստանում ժամանակավորապես բնակվող ճապոնացիներ:

«Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կանցկացվի հանդիպում «Բարի լույս» ֆիլմի ռեժիսոր Աննա Արևշատյանի և սցենարի հեղինակ Սևադա Գրիգորյանի հետ: «Բարի լույս» ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Լեհաստան, Չինաստան և այլն:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am