Մանկական բեսթսելեր 4/14. «Լինում է, չի լինում» պատկերազարդ հեքիաթներն առաջատարն են
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Զանգակ» հրատարակչության «Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն է: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրածներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:
Մեկ հորիզոնականով առաջատարի տեղը զիջել և երկրորդ տեղում է հայտնվել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը: Այն մեծ մասսայականություն է վայելում փոքրիկների շրջանում: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:
Մեծերը փոքրիկների համար հաճախ գնել են նաև «Շաղգամը» գիրք-փազլը, ինչի արդյունքում այն հայտնվել է երրորդ հորիզոնականում: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:
«Արև, արև, եկ, եկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն բարելավել է իր դիրքերը և չորրորդ տեղում է: Գրքում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:
Հինգերորդ տեղում է Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» գիրքը: Հեղինակի ստեղծագործություններում արտահայտվում են հայ ժողովրդի դարավոր ավանդույթները, աշխատասիրությունը, հոգևոր հարստությունը:
Վեցերորդ հորիզոնականում է Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարթսի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:
Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը յոթերորդն է: Առաջին անգամ այն լույս է տեսել 20 տարի առաջ: Վեպի հիման վրա 2001 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների ուշադրությանը:
Այս ամիս իր դիրքերը զիջել է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գիրքը: Այն ութերորդն է: Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթն իններորդն է: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակած «Սասնա տուն» գիրքը: Հայ ժողովրդական դյուցազնավեպի Մկրտիչ Խերանյանի պատումը մանուկների համար համառոտ վերապատմում են Անժել Քյուրքչյանը և Լիլիթ Տեր-Գրիգորյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
Տեղ Գիրք Հրատ. Քանակ 1
«Լինում է չի լինում»
պատկերազարդ հեքիաթներ
Զանգակ 200 2«Արև, արև, եկ, եկ»
Էդիթ Պրինտ 66 5Ղազարոս Աղայան
«Հեքիաթներ»
ՀաշընդՀաշ 60 6Ջ. Ռոուլինգ
«Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»
Զանգակ 60 7
Ջ. Ռոուլինգ
«Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Զանգակ 50 8Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ»
Արևիկ 30 9Ղազարոս Աղայան
«Անահիտ»
Արևիկ 30 10«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց
Անժելա Համբարձումյանը