Հայաստանը 2016 թվականին համացանցում օգտատերերի վրա կիբեռհարձակումների թվով աշխարհում 14-րդն էր

Armenpress 10:24, 3 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կասպերսկի լաբորատորիան» 2016թ. Kaspersky Security Network ամպային ենթակառուցվածքի վիճակագրական վերլուծության համաձայն` համացանցում կիբեռհարձակումների քանակով Հայաստանը 14-րդն է աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրատվամիջոցների համար կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ ասաց «Կասպերսկի լաբորատորիա»-ի հետազոտությունների և սպառնալիքի գլոբալ կենտրոնի ղեկավար Սերգեյ Նովիկովը: Նրա ներկայացմամբ` Հայաստանն այս հորիզոնականն զբաղեցնում է օգտատերերի 33 տոկոսի ինտերնետային գրոհների ենթարկվելու պատճառվ:

«Կիբեռհարձակումների ենթարկվող երկրների ցանկում ԱՊՀ-ի բոլոր երկրներն են՝ Ռուսաստանի գլխավորությամբ, որն առաջին տեղում է: Բացի դրանից, հայ օգտատերերի 40 տոկոսը ենթարկվել է այսպես կոչված տեղային սպառնալիքների՝ վնասակար օբյեկտների կողմից, որոնք սարքերում հայտնվում են կրիչների միջոցով: Միջին հաշվարկով՝ օգտատերը տարեկան 82 անգամ բախվում է տեղային սպառնալիքների, որոնք բխում են ձայնասկավառակներից, հիշողության կրիչներից, խտասկավառակներից»,- նշեց Նովիկովը:«Կասպերսկի լաբորատորիան» միջազգային ընկերություն է, որն աշխատում է տեղեկատվական անվտանգության ոլորտում 1997թ-ից: Այն մշակում է պաշտպանական լուծումներ, ծառայություններ, որոնք ապահովում են բիզնեսի, չափազանց կարևոր ենթակառուցվածքի, պետական մարմինների և օգտատերերի անվտանգությունն ամբողջ աշխարհում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am