Գարո Փայլանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Armenpress 14:28, 2 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից մերժում ստանալուց հետո քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը որոշում է կայացրել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

«Երանի թե այդ խնդիրը լուծած լիներ իմ երկրի դատարանը: Եթե դատարանը ժողովրդավարությանը հարվածող այդ որոշումը վերացնելու մասին վճիռ կայացներ, այսպես չէր լինի: Տվյալ պարագայում դիմելու եմ ՄԻԵԴ»,- հայտնել է Փայլանը:

Գարո Փայլանը 2017 թվականի հունվարի 13-ին մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Փայլանը դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան` կատարվածը որակելով որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում և խոսքի ազատության սահմանափակում:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը փետրվարի 27-ին մերժել էր Փայլանի դիմումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am