Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը

Armenpress 17:03, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել փետրվարի 25-ին Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ.

«Հակառակ միջազգային հանրության կոչերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարման, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին պահանջների, անցած գիշեր Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։

Շարունակելով բանակցային գործընթացի համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու փորձերը` Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը, դիմում նոր սադրանքների։

Կրկին միջազգային հանրության, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սթափեցնելու, իրականության դաշտ բերելու խիստ անհրաժեշտության վրա»։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am