Երևանում կայացավ «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» խորագրով համաժողով

Armenpress 11:44, 23 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կարևորում է շահակիցների երկխոսությունը և փորձի փոխանակումը, գիտակցում գնահատման դերը որակի ապահովման գործընթացներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրում է գնահատմանը։ 

Հայաստանի Հանրապետությունը միակն է տարածաշրջանում, որ միացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային։  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում ասաց, որ կրթության ոլորտում ցանկացած այսպիսի ձեռքբերում հնարավոր է դառնում տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ։  «Սա շուրջ 15 տարվա գիտակցված քաղաքականության արդյունք է, երբ մենք ՀՀ-ում սկսեցինք ձևավորել եվրոպական չափանիշներին համարժեք հավատարմագրման գործընթաց»,- ընդգծեց նախարարը։  «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին։ Համաժողովը տեղի կունենա փետրվարի 23-24-ը։  ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանն ասաց, որ համաժողովը հատկապես կարևոր է մոտ ապագայում Հայաստանում իրականացվող բարեփոխումների համար։  «Վստահ եմ, որ այս երկու օրերին կբարձրացվեն կարևոր հարցադրումներ, որոնց կտրվեն տրամաբանական պատասխաններ։ Կցանկանամ առաջ քաշել երեք մարտահրավեր, որոնք լուծելու դեպքում ՀՀ-ում մի քանի քայլով առաջ կգնա բարձրագույն կրթական համակարգը։ Առաջինն այն է, որ պետք է կրթական բարեփոխումներ իրականացնել։ Երկրորդն էլ կառավարման բարեփոխումներն են մեր համալսարաններում և, վերջապես, երրորդը՝ տաղանդների ռեսուրսների արդյունավետ ձևով օգտագործումը»,- նշեց Ավետիքյանը՝ հավելելով, որ այս կետերը այն ծաղկաքաղն են, որոնք այժմեական են և կարևոր մեր երկրի բուհական համակարգի զարգացման համար։  Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կլաստերային աուդիտի գործընթացը, նպատակները, չափանիշները և ոլորտները։  ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը հստակեցրեց կլաստերային աուդիտ  հասկացությունը, որն իրենից ներկայացնում է խմբերով հավատարմագրում։ Սա արվում է այն ուսանողների համար, ովքեր չեն կողմնորոշվում, թե ինչ բուհ ընտրել, քանի որ ՀՀ-ում չկա այդպիսի բաց հարթակ՝ հասկանալու համար այդ ամենը։  «Հայտարարվելու է մի ժամանակաշրջան՝ վեց ամիս տևողությամբ, որի ընթացքում բոլոր տնտեսագիտական մասնագիտացումները կանցնեն հավատարմագրում։ Համարյա նույն խումբը իր անդամներով և նախագահով կգնահատվի, և վերջում կունենանք վերլուծություն, որպեսզի դաշտն ավելի թափանցիկ դարձնենք։ Մենք ուզում ենք առաջնահերթ գնալ այն մասնագիտությունների գծով, որոնք ուսանողների ավելի մեծ ծածկույթ ունեն»,- ասաց Թոփչյանը։  Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները։    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am