ԱՄՆ-ում խստացվել են անօրինական միգրանտների արտաքսման կանոնները

Armenpress 10:11, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անօրինական միգրանտների արտաքսման նոր, ավելի խիստ կանոններ Է սահմանել: Այս կերպ երկրի իշխանությունները հուսով են ավելացնել արտաքսված իրավախախտների թիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:  
Առաջին հերթին նոր միջոցներն ուղղված են այն անօրինական միգրանտների դեմ, որոնք դատապարտվել են հանցագործությունների համար կամ սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգությանը, ինչպես նաեւ նրանց դեմ, ովքեր վերջերս են հայտնվել ԱՄՆ-ի տարածքում: 
Ըստ որում այն չփաստաթղթավորված ներգաղթյալների նկատմամբ, ովքեր խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները կամ գողություն արել խանութում, իշխանությունները կվերաբերվեն նույն կերպ, ինչպես եւ նրանց նկատմամբ, ովքեր ավելի լուրջ հանցագործություններ են կատարել: 
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարության հրապարակած փաստաթղթում նշված Է, որ երկրի իշխանություններն իրենց առաջնահերթությունն են համարում անօրինականորեն երկրում գտնվող ավելի շատ մարդկանց արտաքսումը: Փաստաթղթում բերված Է ներգաղթյալների այն կատեգորիաների լայն ցանկը, ովքեր ենթակա են արտաքսման:  
Նոր կանոնները չեն փոխում ԱՄՆ-ում գոյություն ունեցող օրենքները, բայց խստացնում են դրանց կիրառման պրակտիկան: 
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը փետրվարի 21-ին պարզաբանել Է, որ նոր կանոնները պետք Է ավելի շատ լիազորություններ տան իրավապահ մարմիններին արդեն գոյություն ունեցող օրենքները կիրառելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am