Նոր արտադրություն Հայաստանում․ Սուրեն Կարայանը «ԷԿՐԱ» ՍՊԸ-ի հետ հուշագիր է ստորագրել

Armenpress 12:44, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «ԷԿՐԱ» և «ԷԿՐԱ Կովկաս» ԳԱԿ ՍՊԸ-ների հետ համագործակցության հուշագիր է կնքել, որի համաձայն՝ Հայաստանում ռելեական պաշտպանության սարքավորումների արտադրություն կստեղծվի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«ԷԿՐԱ Կովկասի» տնօրեն Արման Եսայանը նախարարի հետ զրույցում նշել  է, որ ընկերությունը մինչև տարվա վերջ 70-ից ավելի աշխատատեղ կստեղծի՝ կատարելով շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընկերությունը մտադիր է տարեկան 250 վահան արտադրել, որոնք կօգտագործվեն էլեկտրաէնէերգետիկ համակարգում։ Արման Եսայանի խոսքով՝ ներդրողները հետագայում ծրագրում են նաև արտադրության ընդլայնում Հայաստանում, որն առավել մեծ քանակությամբ աշխատատեղեր կստեղծի։ Արտադրանքը կարտահանվի Ռուսաստան , հետագայում՝ նաև Իրան։

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է ներդրողների նախաձեռնությունը․«Ուրախ ենք ընդգծել, որ այս հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ու արտադրության հիմնման արդյունքում էլէկտրաէներգետիկ համակարգում ներմուծումը կփոխարինվի այս տեղական արտադրությամբ»,- նշել է Սուրեն Կարայանը։ Նախարարը հույս է հայտնել, որ ընկերության հետ կհամագործակցեն՝ խթանելու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և էներգետիկ համակարգի հուսալիությունը։

Համագործակցություն հուշագրով կողմերը կփոխգործակցեն էլեկտրաէներգետիկ համակարգի արդիականացման ոլորտում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am