Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը Կաթողիկոսի հետ կքննարկեն Պոլսո պատրիարքական ընտրություններին առնչվող հարցեր

Armenpress 20:11, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ քննարկելու են Պոլսո պատրիարքական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Արամ և Սահակ Սրբազանները հաջորդ շաբաթ կժամանեն Մայր Աթոռ։ «Վեհափառ Հայրապետի հետ կքննարկեն ստեղծված իրավիճակը՝ ընդհանուր փոխըմբռնման հանգելու պատրիարքական ընտրությունների գործընթացի վերաբերյալ»,- նշեց Տեր Վահրամը։

Փետրվարի 13-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել էր իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Մաշալյանը հրապարակել էր իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Նա նաև տեղեկացրել էր, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am