Հովհաննես Թումանյանի ծննդյան կապակցությամբ գրողի տուն-թանգարանում ձեռագործ գրքեր կցուցադրվեն

Armenpress 17:47, 16 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին գրողի տուն-թանգարանում բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն: Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուն-թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը: «Ստեղծելու ենք ստվերների թագավորություն, որը խորհրդավոր մութ ու լույս աշխարհի անկյուն կլինի: Այն կզվարճացնի և’ երեխաներին, և’ մեծահասակներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց փոխտնօրենը: 

Անի Եղիազարյանի խոսքով`Թումանյանը տարբեր իրերի հավաքածուներ ունի, որոնց մի մասն իրենք ցուցադրել են անցյալ տարի, իսկ մյուս մասը պատրաստվում են ներկայացնել այս տարի:

«Կցուցադրվեն նրա հավաքած հանքաքարերը, երեխաների համար նախատեսված տարբեր երկրներում հայտնի խաղերի ու գրքերի տեսակները, որոնք նա հավաքել և փորձել է տեղայնացնել»,-ասաց փոխտնօրենը:

Փետրվարի 19-ին թանգարանում երեխաներին կդիմավորի տեր Թոդիկյանը: Թումանյանի ծննդյան օրը կամփոփվի գրողի ընտանեկան կահույքից մնացած մասերի ցուցադրությամբ, որոնք երկար ժամանակ պահվել են թանգարանում, սակայն չեն ներկայացվել հանրությանը, իսկ վերականգնման համար մեծ գումարներ են ծախսվել:

«Քանի որ փետրվարի 19-ը նաև գիրք նվիրելու օրն է, թանգարանը նոր նախաձեռնությամբ հանդես կգա: Ցուցադրելու ենք Թումանյանի հեքիաթների ձեռագործ գրքերը: Այցելուները կտեսնեն, թե ինչպես են պատրաստվում այդ փափուկ գրքերը, որոնք երեխաների համար կարող են նաև բարձ ծառայել: Հետագայում մարդիկ կարող են պատվիրել իրենց ցանկացած հեքիաթների ձեռագործ տարբերակները»,- հայտնեց նա:

Պետական աջակցության դեպքում գրողի ծննդյան 150-ամյակին թանգարանում նոր էքսպոզիցիոն ցուցադրություն կլինի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am