Բրիտանացի իրավաբանն արտաքսվել է Բաքվի օդանավակայանից

Armenpress 16:53, 16 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի իրավաբան Ռամութ Ռամեզայտեն ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում, ապա արտաքսվել Ադրբեջանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Contact.az-ը:

«Եկել է իմ հերթը հասկանալ, որ այսուհետ ես էլ եմ անցանկալի անձ Ադրբեջանում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ասոցիացիայի անդամ Ռեմեզայտեն այցելության վիզա էր ստացել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունից: Երկու գործընկերների հետ նա օտարերկրյա դեսպանություններից մեկի հրավերով ժամանել է Բաքու, սակայն սահմանային հսկման կետում նրան հայտնել են, որ «կա խնդիր Ադրբեջան մուտք գործելու հետ, չնայած վիզայի առկայությանը»: Ավելի ուշ նրան առանց որևէ մեկնաբանություն տալու հետ են ուղարկել:

«Այս ամենը նշանակում է, որ ես Ադրբեջանում անցանկալի անձ եմ և չեմ կարող այնտեղ վերադառնալ մոտ ապագայում: Դա նաև նշանակում է, որ քեզ չեն թողնի այդ երկիր, եթե դու պաշտպանում ես մարդու իրավունքները և չես լռում, երբ այդ երկրի վարչակարգը ճնշում է իրավունքներն ու ազատությունները»,- գրում է Ռեմեզայտեն, ով ողջ գիշերն անց է կացրել անվտանգության ծառայության երեք աշխատակիցների հսկողության ներքո:

Բրիտանացի իրավաբան Ռամութ Ռամեզայտեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին մի քանի հոդվածների հեղինակ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am