Սփյուռքի ներուժի իրացմանն ուղղված աշխատանքները ներկայացվել են վարչապետին

Armenpress 18:45, 15 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ  խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերում, կառավարման ոլորտում սփյուռքի ներգրավմանն ու առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է սփյուռքի հայկական գաղթօջախների հետ համագործակցության ուղղությունները և նշել, որ ստեղծվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում  հայ համայնքների հետ հարաբերությունների լայն ցանց: Հրանուշ  Հակոբյանի խոսքով՝ կատարվել են ծավալուն աշխատանքներ սփյուռքի պոտենցիալը Հայաստանի և Արցախի զարգացմանն ուղղելու նպատակով, որի արդյունքում կան բազմաթիվ հաջողակ օրինակներ:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է սփյուռքի հետ ակտիվ համագործակցությունը և նախարարին հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, արդեն իսկ մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները հետևողականորեն ներկայացնել սփյուռքահայ ներդրողներին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Սփյուռքի նախարարության կողմից ստեղծված ցանցն ավելի առարկայական օգտագործել և այդ աշխատանքներում ներգրավել նաև արտերկրում ՀՀ դեսպանություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am