Հնդկաստանի քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կկարողանան ստանալ նաև սահմանային անցակետերում

Armenpress 14:59, 9 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստան մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ սահմանային անցման կետերում: Այդ մասին որոշումը հաստատվեց կառավարության նիստում, որը ներկայացրեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է Պարսից Ծոցի տարածաշրջանից (բացառությամբ Սաուդյան Արաբիայի) դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելու անհրաժեշտությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նալբանդյանը:

Հաշվի առնելով, որ այդ երկրների քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակետերում, ինչպես նաև այն, որ այդ երկրներում զգալի թվով բնակվում են Հնդկաստանի քաղաքացիներ, անհրաժեշտություն է առաջացել դյուրացնել վերջիններիս մուտքը Հայաստան՝ ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորություն ընձեռելու միջոցով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am