«Տղաներ, որ ելան մարտի». ընկերոջ կյանքը փրկելու միտքը ուժ տվեց Անդրանիկ Աթալյանին դուրս գալու այրվող տանկից
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Անդրանիկ Աթալյանին ու նրա սխրանքի պատմությունը։
Նա ուղղակի լռում է, երբ իրեն հերոս են ասում։ Համեստ է, լուրջ և միևնույն ժամանակ շատ նպատակասլաց: Անգամ ամենադժվարին ու անհնարին պահին ցանկանում է սկսած գործը ավարտին հասցնել։ Այս ամենը նկատվում է հենց սկզբից, երբ սկսում ես զրուցել Անդրանիկի հետ։ Նա ունի մի նպատակ՝ կյանքը դասավորել այնպես, որ բացառապես ամեն ինչ իր ցանկությամբ լինի։ Իհարկե, չբացահայտեց, թե ինչպիսին է պատկերացնում իր ապագա կյանքը, չցանկացավ շատ խոսել իր պլաններից, բայց այդ պլաններից մեկը շատ կարևորեց և կիսվեց մեզ հետ. «Ես ունեմ ընկերուհի, ում շատ եմ սիրում և ուզում եմ, որ անպայման միասին լինենք ու երջանիկ ապրենք»։ Անդրանիկը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է։ Սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հացի, հրուշակեղենի, մակարոնեղենի տեխնոլոգիայի ֆակուլտետում, 1-ին կուրսում է։ Ազատ ժամանակ շատ է սիրում երգեր լսել, սպորտի մասին ֆիլմեր դիտել, ինչպես նաև զբաղվել տարբեր սպորտաձևերով։ Իր կյանքում նա սպորտին շատ մեծ տեղ է հատկացնում։ «14 տարեկանից զբաղվել եմ քիք բոքսինգով, «մարտեր առանց կանոնների» մարզաձևով, ինչպես նաև ուղղակի մարզասրահ եմ այցելել և այնտեղ մարզվել։ Մասնակցել եմ քիք բոքսինգի մարզային մրցույթների, զբաղեցրել և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ տեղերը»,- հպարտությամբ ասում էր մեր պատմության հերոսը։ Անդրանիկի ֆիզիկական և մտավոր ուժը վառ դրսևորվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Դա հասկացա, երբ սկսեց նկարագրել, թե ինչ իրավիճակում է հայտնված եղել և ինչպես է պատվով կատարել իր առջև դրված այդ դժվար խնդիրը։ «Ապրիլի երկուսին զորամասի ներսում ընդգրկված էի պահակախմբում։ Մարտական ծառայություն էի իրականացնում որպես ժամապահ։ Ժամը 6-ին հակառակորդի ուժերը սկսեցին գործել։ Իրենց գրադ կայանքներով կրակում էին մեր զորամասի ուղղությամբ, բազմաթիվ արկեր էին արձակում։ Խուճապի չմատնվեցինք: Ինչպես սովորել էինք, ամեն մեկս մեր պարտականությունը պատշաճ կերպով իրականացրինք, առանց որևէ լարվածության և վախի։ Մենք մեզ շատ հանգիստ էինք պահում, որ հակառակորդն էլ հանկարծ չմտածի, որ իրենց նմանատիպ գործողություններից մենք վախենում ենք կամ չենք կարող իրենց համապատասխան հակահարված տալ»,- վստահությամբ պատմում էր Անդրանիկը։
Օգնությունը հասնելուն պես Անդրանիկին տարել են Ջրականի հոսպիտալ, սկսել են հանել բեկորները, որքան հնարավոր է եղել, հետո էլ տեղափոխել են Ստեփանակերտ ու ամբողջ գիշեր դեմքից ու ձեռքից բեկորները հանել են։ Հաջորդ օրը առավոտյան տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտել են ու կրկին տեղափոխել մեկ այլ բժշկական կենտրոն՝ Մալայանի անվան աչքի կլինիկա։ «Երեք օր հետազոտելուց հետո որոշեցին, որ պետք է վիրահատեն, որովհետև աչքիցս գրեթե ոչինչ չէր մնացել։ Ապրիլի 6-ին վիրահատել են, մինչև 27-ը պառկել եմ Մալայանի հիվանդանոցում, հետո նորից ուղարկեցին Մուրացանի հոսպիտալ։ Մինչև մայիսի 25-ը էլի հետազոտում էին ու, երբ գլուխս նորից նկարեցին, տեսան, որ ստացված վնասվածքը շատ լուրջ է և հասկացան, որ գլխի վիրահատությունն անխուսափելի է։ Դրանից հետո ևս երկու անգամ աչքի վիրահատություն եմ տարել ու, ընդհանուր առմամբ, չորս վիրահատության եմ ենթարկվել»,- պատմում է Անդրանիկ Աթալյանն ու հավելում, որ դեռ աչքի մեջ կարեր կան, որոնք պետք է հանեն։ Այսինքն՝ բուժումը շարունակում է ստանալ, և մոտ մի քանի տարի դեռ պետք է շարունակի։ Հերո՞ս է նա, թե ոչ։ Ասում է, որ չի մտածել այդ մասին և ուղղակի լռել է ի պատասխան իրեն հերոս անվանողներին։ Ասում է՝ կարևորը գիտի, որ իր առջև դրված խնդիրը կատարել է այնպես, ինչպես պետք էր, իսկ հերոս է համարում այն մարդկանց, ովքեր առանց մեկ վայրկյան մտածելու իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու գնացին թշնամուն ընդառաջ։ Անդրանիկի համոզմամբ՝ նրանք ապացուցեցին հակառակորդին, որ հայ են, հայ կմնան հավերժ ու հակառակորդից վախենալու ոչ մի բան չունեն։
«Հերոս են իմ բոլոր ընկերները, ովքեր այսօր մեզ հետ չեն»,- նշում է մեր պատմության հերոսը, ով ասում է, որ իրեն փրկել են իր մոտ եղած խաչն ու երկու սրբապատկեր։ «Մենք տղաներով միշտ ասում էինք՝ մի կռիվ լիներ մեր ուժերը փորձեինք, ու կռիվը եղավ։ Մենք այդ ժամանակ ապացուցեցինք, որ վախենալու բան չունենք, ու մեր 20 տարեկան տղաները իրենցից ավելի հզոր են ցանկացած պարագայում, հատկապես՝ երբ միավորված են։ Հավատն առ Աստված է փրկել ինձ ու տանկում գտնվող մյուս երկու ընկերներիս»,- եզրափակեց Անդրանիկը։
Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի