Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ որևէ միջադեպ չի արձանագրվել. քաղավիացիան հերքում է

Armenpress 17:04, 1 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերքում է մամուլում տարածված այն տեղեկատվությունը, համաձայն որի փետրվարի 1-ին UTair ավիաընկերությանը պատկանող Boeing-737 ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը՝ ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականների անսարքության պատճառով:

«Արմենպրես»-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացրին, որ UTair ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթներ չի իրականացնում, թռիչքներն իրականացվում են «Վնուկովո» օդանավակայանից:

«Փետրվարի 1-ին UTair ավիաընկերության UT 873 համարի ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթը ժամը 11.10-ի փոխարեն իրականացրել է 11.36-ին և Երևան է հասել 13.58-ին՝ 14.00-ի փոխարեն: Որևէ միջադեպ չի արձանագրվել չվերթի ժամանակ»,- ասաց ՔԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ UTair ավիաընկերության Boeing-737 օդանավը փետրվարի 1-ին չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երեւան չվերթը` տեխնիկական խնդիրների պատճառով: Ըստ նույն տեղեկատվության՝ թռիչքին նախապատրաստվելու ընթացքում օդաչուն տեղեկացրել է օդանավի հետնամասում  փականների հետ կապված խնդրի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am